Թեթև մարդատար ավտոմեքենաներով երեխաների փոխադրման քանակի սահմանափակում չի նախատեսվում



  13:20

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։