Արցախում կորոնավիրուսի կասկածով 2 քաղաքացի թեստ է հանձնել. պատասխանը բացասական է



  16:40

Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Տեղեկություն էր շրջանառվել, որ Արցախում կորոնավիրուսի հետ կապված կասկածելի երկու դեպք է եղել՝ Իրանից փետրվարի 20-ից Արցախ մեկնած ամուսինների մոտ:

Ավելի վաղ Արցախի կառավարությունը տեղեկացրել էր, որ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակներիև նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար: Ախտորոշումը ճշտելու նպատակով, 3 տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ բոլոր պատասխանները բացասական են: