Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ



  13:17

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի եւ վարչական դատարանի դիմումներն ու հակասահմանադրական ճանաչեց ոստիկանության ծառայողների իրավունքները սահմանափակող որոշ կարգավորումներ։

Մասնավորապես՝ դատարանը եզրակացրեց, որ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու, իրականացնելու փաստով պայմանավորված լիազորությունները կասեցնելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։

Բացի այդ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց լիազորությունների կասեցման ընթացքում աշխատանքից ազատվելու ոստիկանության կանոնագրքով նախատեսված արգելքը։

«ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանության ծառայողի նկատմամբ պաշտոնի նշանակելու բացարձակ արգելք, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից աշխատանքից ազատվելու արգելքը նախատեսելու մասով ճանաչել հակասահմանադրական եւ անվավեր»,- որոշեց դատարանն արձանագրելով, որ ՍԴ-ի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ մտնում հրապարակման պահից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՍԴ դիմելու համար Վարչական դատարանին ու ՄԻՊ-ին հիմք են հանդիսացել ճանապարհային ոստիկանության տեսուչ Նշան Թադեւոսյանի գործը։

Բանն այն է, որ Նշան Թադեւոսյանը, ծառայելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 5-րդ սպայական դասակում՝ ավագ տեսուչի պաշտոնում, 2018 թվականին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՔԾ-ում քննվող մի քրեական գործի շրջանակում, որ հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ խոշոր չափերով կաշառքի շորթման և 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոենական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Դրանից հետո նրա լիազորությունները դադարեցվել են, եւ օրենքի պահանջով նա աշխատավարձ է ստացել միայն երկու ամիս, թեեւ շուրջ 20 ամիս է, գործով նախաքննությունը, ապա նաեւ դատավարությունը շարունակվում է։

Ավելին՝ այս ընթացքում Ն.Թադեւոսյանն իրավունք չի ունեցել նաեւ ազատվել ոստիկանությունում ծառայությունից այլ աշխատանքի անցնելու կամ համատեղության կարգով այլ աշխատանք իրականացնելու, որի արդյունքում զրկվել է ապրուստի միջոց վաստակելու հնարավորությունից, ինչի սահմանադրականության հարցն էլ վիճարկվեց Սահմանադրական դատարանում ու ամրագրվեց խախտումը։

Ն.Թադեւոսյանի շահերը ներկայացրել է փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։