Արցախում վերին շնչուղիների սուր վարակով հիվանդներից վերցվել են նմուշներ և ուղարկվել ՀՀ



  11:51

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է իրականացվել մշտադիտարկում վերին շնչուղիների սուր վարակով գրանցվող հիվանդների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Մշտադիտարկում իրականացվում է նաև հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների նկատմամբ:

Սկսած ս.թ. փետրվարի 20-ից առ այսօր աճել է ինչպես ամբուլատոր հաճախումներն, այնպես էլ շտապ օգնության կանչերը, կապված վերին շնչառական ուղիներով սուր վարակների դեպքերի հետ: Ելնելով վերը նշվածից առաջարկություն է ներկայացվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, հետևել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր 3.1.1-021-15» N225-Ն հրամանի գլուխ 16-ի 66 կետի պահանջներին, որտեղ նշվում է, որ ուսումնական հաստատությունները փակվում են արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով` երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25 % բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով: Նախորդ շաբաթվա ընթացքում, հաշվի առնելով վերը նշված հրամանի պահանջները, փակվել են հանրապետությունում գործող հանրակրթական ու նախադպրոցական հիմնարկները 2 օր ժամկետով՝ փետրվարի 21-ին ու 22-ին: Այժմ ի տարբերություն նախորդ շաբաթվա տվյալների, հաշվի առնելով, որ ոչ բոլոր շրջաններում ու գյուղերում է արձանագրվում հիվանդության բարձր դիմելիություն, դադարեցվել են հրամանի պահանջներով արձանագրված հանրակրթական ու նախադպրոցական հիմնարկների աշխատանքը:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հանրապետության բնակչությանը չանհանգստանալ, իրավիճակը վերահսկվում է նախարարության կողմից: Հերթական անգամ, փետրվարի 24-ին մի խումբ հիվանդներից վերցվել է նմուշներ ու ուղարկվել Հայաստանի Հանրապետություն՝ ախտորոշման ճշտման նպատակով: Պետք է նշել, որ առ այսօր հանրապետությունում կորոնավիրուսով գրանցված դեպքեր չեն արձանագրվել: