Չինաստանի բանտերից մեկում 200 բանտարկյալ կորոնավիրուսով է վարակվել



  13:32

«Korrespondent.net»-ը հայտնում է, որ Չինաստանի Շանդուն նահանգում՝ Ժենչենի բանտում, կորոնավիրուսի զանգվածային վարակում է գրանցվել: Փետրվարի 20-ի դրությամբ վարակվել է 200 բանտարկյալ և անվտանգության 7 աշխատակից։

«Կորոնավիրուսային վարակի բռնկում է տեղի ունեցել Շանդուն նահանգի Ցզինին քաղաքային շրջանի Չենչենի բանտում, փետրվարի 20-ի դրությամբ ուղղիչ հաստատության տարածքում ավարտվել է ստուգումը, որի արդյունքների համաձայն հաստատվել է վարակման 207 դեպք»,- ասվում է Շանդուն նահանգի տարածած հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի սկզբին անվտանգության որոշ աշխատակիցներ հազի ախտանշաններ են ունեցել, իսկ փետրվարի 12-ին նրանցից մեկին սուր հազի պատճառով տեղափոխել են կարանտինային գոտի, փետրվարի 13-ին վերջինիս ախտորոշումը հաստատվել է, բոլոր վարակվածները մեկուսացվել են և բուժում են ստանում: Դրանից հետո միայն բանտային ղեկավարությունը և նահանգային իշխանությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել բանտում հիվանդության տարածումը կանխելու համար, սակայն արդեն ուշ է եղել:

Դեպքի կապակցությամբ նահանգի արդարադատության վարչության ղեկավար Ցզե Վեյցզյունը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ է պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 247-ի, վարակվածներինը՝ 76 742-ի։