Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի են. Նիկոլ Փաշինյան



  16:00

Գյուղական բնակավայրերում տները կառուցվում են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, աստիճան, և դրանով ամեն ինչ ավարտվում է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Երևանում ապօրինի առանձնատներ կառուցելու հարցին: «Հիմա պարզվում է, որ Երևանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և, օրինակ, այսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է:

Ամենահայտնի մարդիկ, օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներևակայելի չափերի, հիմա եկել ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն էլ ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են, որ պարտավոր ենք օրինականացնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հանձնարարեց այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու լուծումներ գտնել:

Նախարարն իր հերթին նշեց, որ այնպես, ինչպես վարչապետն է ներկայացրել, լուծումներ կան: Այդ մասին նշեց նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: