Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, 3-ը կալանավորվել են․ ԱԱԾ



  12:28

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով։ Այդ մասին 24News-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է շինարար Վազգեն Պողոսյանին, և ովքե՞ր են այն անձինք, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, 24News-ին չմանրամասնեցին, միայն նշեցին․ «Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 34-րդ և 66-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ անմեղության կանխավարկածի և նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները պահպանելու, ինչպես նաև քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով՝ ներկա փուլում Ձեր մյուս հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չենք համարում։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվության տրամադրման սահմանափակումը կարող է վերանալ՝ կախված քննության հետագա ընթացքից՝ հաշվի առնելով քրեադատավարական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներն ու քննչական իրադրությունը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա նրա հետ միասին հեռացել շենքից: ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, և խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք էր ստացել և դրա դիմաց 2019 թ. ընթացքում կաշառքը փոխանցողների օգտին կատարել էր գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանն ու տրամադրմանը:

Նշենք նաև, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի կենտրոնից 24News-ին տեղեկացրել էին, որ գործի շրջանակում դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառելիությունը:

Սոնա Գրիգորյան