ՀՀԿ-ն չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն



  11:26

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է:

Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է: Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»։