Հայ իրավապաշտպանին Թուրքիայում մերկ վիճակում խուզարկել են



  18:40

Թուրքական իշխանությանը հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter-յան միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Նախ ինձ ձերբակալեցին ապօրինի կերպով։ Ապա մերկ վիճակում խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», – գրել է Նաթալի Ավազյանը և գրառմանը կից տեսանյութ հրապարակել։

«Իմ մարմին ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»,-ասել է նա։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Արլեթ Նաթալի Ավազյանը ձերբակալվել էր փետրվարի 12-ին։ Անդրադառնալով ձերբակալման պատճառներին՝ Ավազյանը նշել էր․  «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո Նաթալի Ավազյանը նույն օրը ազատ էր արձակվել։