Կա ոլորտ, որտեղ 1,5 տարում չենք կարող պարծենալ․ դա դատաիրավական համակարգն է․ Փաշինյան



  13:24

«Կա մի ոլորտ, որտեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք չենք կարող պարծենալ մեծ հաջողություններ ունենալով, և դա դատաիրավական համակարգն է, որովհետեւ մեր գործող դատական համակարգը` ներառյալ Սահմանադրական դատարանը ձեւավորվել է հին քաղաքական պայմաններում եւ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այդտեղ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել»,-Գերմանիայում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հիշեցրել, որ երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում:

«Մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ եւ անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլեւ որեւէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո»,-ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապտի՝ կարևոր է դատաիրավական համակարգի բարեփոխումները գործնականացնելը, այդ թվում` Եվրամիության աջակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը ընդունեց 2020-ի ապրիլի 5-ին ՍԴ-ի մասով հանրաքվե նշանակելու որոշումը, և որ ՀՀ նախագահը ևս ստորագրել է այն։

«2015 թվականին ՀՀ-ում ընդունվեց նոր Սահմանադրություն, որն ամբողջապես ուժի մեջ մտավ 2018-ի ապրիլի 9-ին: Այդ Սահմանադրության մեջ նկարագրված է Սահմանադրական դատարանի բոլորովին նոր մոդել, քան գոյություն է ունեցել նախկինում ՀՀ-ում և ընդ որում այդ մոդելը լայնորեն արժանացել է միջազգային մեր գործընկերների հավանությանը և դրվատանքին: Ի՞նչ է նախատեսված այդ մոդելում. նախատեսված է, որ, ի տարբերություն նախկինի, ՍԴ պետք է լինի հավասարակշռված և ՍԴ-ն պետք է ձևավորվի հետևյալ սկզբունքով` երեքական թեկնածուներ պետք է առաջադրեն ՀՀ նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը, այդ թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում»,-մանրամասնել է վարչապետը:

Որպես հաջորդ կարևոր սկզբունք` Փաշինյանը նշել է այն, որ ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված 12 տարին, ընդ որում՝ 1 անձը կարող է ՍԴ դատավոր ընտրվել միայն 1 անգամ:

Երրորդ կարևոր սկզնունքը, այն է, որ ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով: Ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան մեկ անգամ, այսինքն՝ ավելի քան 6 տարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ:

«Հարց, արդյոք մենք ունե՞նք այսօր այդպիսի Սահմանադրական դատարան: Ո՛չ, մենք այսօր չունենք այդպիսի Սահմանադրական դատարան, որովհետև նախորդ խորհրդարանի և կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց ընդամենը 19, 20, 30 օր առաջ տեղի են ուեցել օրենսդրական մանիպուլյացիաներ, որով մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չունենք: Հարց, իսկ ե՞րբ կունենանք մենք այդպիսի Սահմանդրական դատարան, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան, եթե որևէ բան չփոխենք:

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան 2035 թվականին, ոչ մի օր շուտ: Ինչո՞ւ, որովհետեւ նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչեւ 2035 թվականը:

Այսինքն, ի հեճուկս մեր Սահմանադրության` 18 տարի Հայաստանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Այսինքն՝ սա մոտավորապես նույնն է, եթե մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք, մանավանդ, որ մենք խորհրդարանում ունենք սահմանադրական մեծամասնություն եւ որոշենք, որ մինչեւ 2035թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու եւ վարչապետը չի փոխվելու: Չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ հինգ տարին մեկ պետք է լինի խորհրդարանական ընտրություն: Հաջորդը. չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիանների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ: Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար, որովհետեւ այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է եւ այդ կուսակցությունն այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ, որն այսօր ըստ էության երազում է Հայաստանում ժովրդավարության ձախողում։

Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել եւ ի՞նչ ենք արել՝ մենք հարցը հանել ենք հանրաքվեի, համաժողովրդական հանրաքվեի եւ այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետեւյալը. Սահմանադրական դատարանի այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին եւ պահանջներին, լիազորությունը դադարեցվի եւ մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը եւ դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի թեկնածուներ, եւ մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան: ԸՆդ որում, հիմա խորհրդարանի օրակարգում են դատական օրենսգրքի բարեփոխումները, համաձայն որոնց, բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ նույնպես նոր է ձեւավորվել եւ տեղի է ունեցել աննախադեպ բան»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից, և հույս հայտնել, որ  հանձնաժողովը օրենքի ընդունումից հետո կստուգի բոլոր դատավորների թեկնածուների համապատասխանությունը, որովհետև մեր օրենսդրության համաձայն, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորների անաչառությունը և չքաղաքականացված լինելը պարտադիր պայման են: