Հանրային փակ վայրերում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. Սկանդալային հակածխախոտային նախագիծն ընդունվեց.pastinfo



  19:33

pastinfo.am-ը գրում է: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը։

Հակածխախոտային նախագիծն ընդունվեց 76 կողմ,16 դեմ և 7 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ խմբակցությունների մոտեցումները նախագծի վերաբերյալ չափազանց տարբեր էին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում նախագծի հետ կապված տարբեր կարծիքներ կան, ուստի որոշում է կայացվել քվեարկությունն ազատ թողնել։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լուսինե Բադալյանն էլ ավելացրեց. «Անկախ ամեն ինչից, թե ինչպես կքվեարկի խմբակցությունն ու ԱԺ-ն, ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել պատգամավորի հանդեպ հարգանքի մասին և հարգելի փոխնախարարին ասել, որ այլևս որևէ մեկը չհամարձակվի այստեղ շանտաժի լեզվով խոսել պատգամավորների հետ։ Այն արտահայտությունը, թե ով դեմ է քվեարկելու, բոլոր մահերը մնալու են նրա խղճին, անթույլատրելի ու անընդունելի է»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ հավելեց, որ պետք դեմ քվեարկել նախագծին, քանի որ ի սկզբանե խոստացվել էր մի բան, սակայն ԱԺ ամբիոնից մեկ այլ բան է ներկայացվում։
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ իրենք դեմ կքվեարկեն նախաձեռնությանը, սակայն պատրաստ են միասին աշխատել և գտնել բարձրացված խնդիրների լուծումները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու։
Իր կարծիքը հայտնեց նաև ԱԺ նախագահը ու նշեց, որ քվերակությունը քաղաքակրթական ընտրության հարց է. «Ես և շատ-շատերը պատկերացնում ենք չծխող Հայաստան։ Եվ պատրաստ եմ բոլոր քայլերն անել, որ հասնենք այս կետին։ Հասկանում ենք, որ կարգավորումներում խնդրահարույց կետեր կան, որոնք հավելյալ քննարկման կարիք ունեն։ Ամփոփելով այս ամենը ես ցույց եմ տալու իմ քաղաքակրթական դիրքորոշումը, կողմ եմ քվեարկելու, ապա սատարելու եմ պատգամավորների ջանքերը՝ այս վիճահարույց կարգավորումների շուրջ ձևավորել աշխատանքային խումբ»։