«Զինվորական ենթամշակույթի» արմատացած առկայությունը վերացնելով, հնարավոր է նվազեցնել ողբերգական դեպքերի թիվը բանակում․փաստաբան



  16:37

Բանակում տեղի ունեցած, տեղի ունեցող և ցավոք, դեռևս անխուսափելիորեն տեղի ունենալիք սպանությունների ու ինքնասպանությունների, եթե ոչ միակ, ապա առանցքային պատճառը «Զինվորական ենթամշակույթի» արմատացած առկայությունն է։ Դրա խորքային պատճառների պարզման և ուղղորդված պայքարի հետևանքով այն վերացնելով, միայն, հնարավոր է նվազեցնել ողբերգական դեպքերի թիվը։

Բանակին առնչվող իրավասու բոլոր կառույցներն ու անհատները բազմիցս կիրառում են «զինվորական ենթամշակույթ» եզրույթը և այս կամ այն խնդրի առկայությունը պայմանավորում այդ ենթամշակույթի առանձնահատկություններով։

Մինչդեռ թե ինչ է իրենից ներկայացնում այդ ենթամշակույթը, պարզ չէ և ՀՀ-ում ոչ ոք չգիտի այդ մասին։

Այդ ուղղությամբ որոշակի գիտական հետազոտություններ կատարվել են ՌԴ-ում, սակայն հարկ է արձանագրել, որ առկա են ազգային այնպիսի առանձնահատկություններ, որոնք հատուկ են կոնկրետ ժողովուրդներին, ուստի նույն այդ գիտական աշխատանքների արդյունքները կիրառելի չեն կարող լինել ՀՀ բանակում;

Հետևաբար անհրաժեշտություն է «զինվորական ենթամշակույթի» ծագման ու առաջացման  պատճառների ու պայմանների վերաբերյալ իրականացնել համակարգված աշխատանք, կատարել լուրջ գիտական հետազոտություններ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ պարզել այդ եզրույթն իր ողջ էությամբ ու բովանդակությամբ, որն էլ հնարավորություն կընձեռի թիրախային պայքար մղելու դրա դեմ։

Հակառակ պարագայում, գիտենալով հանդերձ, որ բանակային սպանությունների ու ինքնասպանությունների հիմնական պատճառը զինվորական ենթամշակութային հարաբերություններն են, այնուհանդերձ դրա դեմ հնարավոր չէ լուրջ ու արդյունավետ պայքար մղել, քանի որ հնարավոր չէ պայքարել այն բանի դեմ, ինչն անհայտ է։

Օրախնդիր այս հարցի պատասխանն է, որ էականորեն նվազեցնելու է դեպքերի թիվը ՀՀ բանակում և սրա վրա է, որ պետք է բևեռվի իրավասու կառույցների ուշադրությունը։

Վահան Հովհաննիսյան