Իշխանությունները թաքցնում են Նաիրի Հունանյանի հոգեկան իրական վիճակը. Փաստինֆո



  16:56

1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության ղեկավար Նաիրի Հունանյանի մեղսունակության վերաբերյալ տեղեկատվությունը թաքցվում է։ Ավելին՝ նախաքննական մարմինը, տվյալ պարագայում ԱԱԾ քննչական նախաքննական գաղտնիքի տակ քողարկում է նաեւ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հարցը։

Հիշեցնենք, որ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի ոչ ադեկվադ հոգեկան վիճակի մասին հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերին, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այցելել է քրեակատարողական հիմնարկ ու առանձնազրույց ունեցել Նաիրի Հունանյանի հետ։ Եւ հենց պատգամավորը հայտարարեց, որ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քրեակատարողական ծառայությունից հայտնել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին հայտնել էին, որ ահաբեկիչը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010 թվականից։

«2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,- ասել էին ՔԿԾ մամուլի ծառայությունից։

Իսկ վերջերս պարզ դարձավ, որ հոգեմետ դեղեր օգտագործող ահաբեկչի անունից բավական ծավալուն նամակ է ստացել երկրի վարչապետ Փաշինյանը, որն, ի վերջո, հասել է ՀՀ ԱԱԾ, որտեղ քննվում է Հոկտեմբերի 27-ի գործով անջատված մասով քրեական գործը։ «Փաստինֆո»-֊ն գրավոր հարցմամբ դիմել էր նախ քրեակատարողական ծառայություն՝ պարզելու, թե ինչ առողջական վիճակում է գտնվում Նաիրի Հունանյանը, ինչ հիվանդություն է նրա մոտ ախտորոշվել, որի կապակցությամբ նրան հոգեմետ դեղեր են նշանակվել եւ արդյոք բուժման ընթացքում նրա մոտ առողջական վիճակի ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Բացի այդ խնդրել էինք պատասխանել, թե ինչ առողջական վիճակում է գտնվում մյուս ահաբեկիչը՝ Կարեն Հունանյանը։ ՔԿԾ-ից հարցմանը չէին պատասխանել՝ ուղղորդելով դեպի նորաստեղծ Քրեակատարողական բժշկական կենտրոն, որն էլ հրաժարվել էր տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով բժշկական գաղտնիքով։ Կհամաձայնեինք, եթե հարցը չունենար հանրային մեծ հետաքրքրություն եւ եթե այդ բժշկական գաղտնիք ասվածը նախկինում տրամադրված չլինեին Արման Բաբաջանյանին։ Ինչպես արդեն նշեցիք՝ Ն.Հունանյանի՝ հոգեմետ դեղեր օգտագործելու մասին հայտարարել է հենց պատգամավորը։

Մեկ այլ հարցմամբ «Փաստինֆո»-ն դիմեց Ազգային անվտանգության ծառայություն՝ հայցելով տեղեկատվություն ոչ թե Նաիրի Հունանյանի առողջական վիճակի մասին տեղեկատվություն, այլ պարզելու, թե արդյո՞ք ԱԱԾ վարույթում գտնվող «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով քրեական գործի շրջանակներում Նաիրի Հունանյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական-֊դատահոգեբուժական համալիր փորձաքննություն՝ հաշվի առնելով, որ վերջինս շուրջ 10 տարի է, ինչ հոգեմետ դեղորայք է օգտագործում, սակայն պարզվում է այս հարցն իր մեջ պարունակում է ոչ ցանկալի ինֆորմացիա, քանզի ԱԱԾ-ն մերժել էր տրամադրել տեղեկատվություն՝ նշելով, որ այս փուլում նպատակահարմար չէ տեղեկատվություն տրամադրել՝ ելնելով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու նկատառումներից։

Հետաքրքիր է, թե քրեական գործով փորձաքննություն նշանակել-չնշանակելու հարցի պատասխանն ինչպես պետք է ազդեր քրեական գործի բազմակողմանիության վրա։ Հակառակը՝ հենց բազմակողմանիության ու օբյեկտիվության ապահովումն է ենթադրում նման փորձաքննության նշանակում՝ պարզելու, թե արդյոք ահաբեկիչը, որն այսօր նամակներ է հղում, որոնք օգտագործվում են ոչ միայն քաղաքական նպատակներով՝ տարբեր պատգամավորների կողմից, այլ նաեւ դարձվում քննության առարկա, մեղսունակ է, թե ոչ, գիտակցո՞ւմ է իր գործողությունները, թե ոչ։ Հանրությունն արդեն տեղյակ է, որ նա 10 տարի է հոգեմետ դեղերի ազդեցության տակ է եւ ուզում է վստահ լինել՝ վերսկսված նախաքննության շրջանակներում ցուցմունքներ տվողը ադեկվադ մարդ է, կարելի է ապավինել նրա ցուցմունքների ճշմարտացիության վրա, թե հերթական անգամ նա օգտագործվելու է տարբեր ուժերի կողմից՝ հանրությանը դարձնելով ահաբեկչի գերին, ինչպես տարիներ առաջ։

ԱԱԾ պատասխանից հետեւում է, որ իշխանությունները պարզապես փորձում են հանրությունից թաքցնել Նաիրի Հունանյանի առողջական իրական վիճակի մասին տեղեկատվությունը, իսկ պատճառների մասին կարծում ենք կվկայեն տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի առաջիկայում կատարվելիք քայլերը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան