Անկախ նրանից՝ ով ում է համակրում, ընտրություններին որոշում կայացնողն Արցախում ապրողն է



  12:40

Արցախում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախաշեմին 24News-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

– Պարոն Աբրահամյան, Արցախում նախընտրական ի՞նչ իրավիճակ է։ Կուսակցություններն ու քաղաքական ուժերը կարծես թե դիրքավորվում են, արդեն դաշինքներ են կազմվում։

– Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների առաջադրման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ փետրվարի 26-ից նախընտրական քարոզարշավը կսկվի: Այս առումով, բնականաբար, ակտիվ գործընթացներ են ընթանում, ինչը տեղավորվում է ընտրական ժամանակաշրջանի տրամաբանության մեջ:

– Թեև քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են իրենց, այսպես ասած, ներկայացնելու գործընթացը։

– Տարբեր քաղաքական ուժեր տարբեր խնդիրներ են լուծում: Նոր քաղաքական ուժերը իրենց ներկայացնելու, ճանաչելիության, դիրքավորման խնդիր ունեն, կան ուժեր, որ ակտիվությամբ փորձում են մեկնարկային առավելություններ ստանալ։ Մի խոսքով, տարբեր ուժեր, տարբեր դրդապատճառներով անընդհատ շարժերի մեջ են:

– Ընտրողները պատրա՞ստ են բովանդակային ընտրություն կատարելու, թե՞ «ծանոթով» ընտրություն անելու տրամաբանությունը շարունակում է գործել։

– Այսպես ասեմ, լավագույն տարբերակն այն կլիներ, որ ընտրության մասնակից ուժերի ու գործիչների ծրագրերի բովանդակային լայն քննարկում լիներ․ դա շատ կարևոր է բոլոր առումներով: Մեր քաղաքացին պետք է հնարավորություն ունենա գնահատելու, թե երկրի առանցքային հարցերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն թեկնածուները, անվտանգության առումով ինչ անելիքներ են պատրաստվում անել, տնտեսական զարգացման ինչ ուղղություններ են դիտարկում կամ սոցիալական արդարության ամրապնդման ինչ սկզբունքներ են ներկայացնում:

– Հայաստանյան իշխանությունների համակրանքը որևէ ուժ վայելո՞ւմ է։ Արցախում ուժերից մեկ, երկուսը, կարծես, անըդնհատ ցանկանում են ցույց տալ, թե վայելում են անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակրանքը։

– Այստեղ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ խոսքն արցախցու ընտրության մասին է, և անկախ նրանից, թե կողքից ով ինչպես է դիտվում, ով ում է համակրում, որոշումը կայացնում է Արցախում ապրող մարդը: Ժամանակը կգա, ու հնարավորություն կունենանք վերլուծելու, թե ընտրությունների վրա ինչ գործոններ են լուրջ ազդեցություն ունեցել և ինչ մոտիվացիայով է շարժվել ընտրողը:

Վրույր Սևակ