Տավուշում անօրինական անտառահատումները կրճատվել են առնվազն 10 անգամ. մարզպետ



  18:40

Տավուշի մարզում անօրինական անտառահատման դեպքերի 90 տոկոսը բացահայտվում է: Անտառահատումների ծավալը էականորեն կրճատվել է:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ , մրցանակաբաշխությունից հետո Best European Young Researcher, ամփոփելով 2019-ին արված աշխատանքները:

«Բնապահպանության ոլորտում 2019-ի մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ անտառի կառավարման ոլորտում կատարված արմատական փոփոխությունները: 30 տարի շարունակ տարեցտարի մեր երկրում անտառի թալանն ավելի գազանաբարո բնույթ է կրել: Եվ 2019-ին, ըստ էության, մենք առաջին անգամ կտրուկ և հաստատակամ ձևով ուղղակի կանգնեցրինք այս պրոցեսը։ Այսօր մենք կարող ենք հստակ արձանագրել, որ կարողացել ենք առնվազն տասնապատիկ կրճատել անտառհատման ծավալը: Եթե տեղի են ունենում անօրինական անտառհատման դեպքեր, առնվազն 90 տոկոսը հայտնաբերվում են: Սա նշանակում է, որ, ըստ էության, լուծել ենք այդ հարցը, և մեր հիմնական աշխատանքները 2020-ին ուղղված են լինելու անտառի կառավարման համակարգի բարելավմանը»,-ասաց Չոբանյանը:

Նա հիշեցրեց՝  հնչել են մասնագիտական փորձագիտական կարծիքներ, որ այս ոլորտում շրջանառվել է տարեկան առնվազն 500 մլն դոլար «սև եկամուտ»: Եվ սա նշանակում է, որ, ըստ էության, այս գործընթացը, որը սկսվել և հաջողությամբ տարվում է, գործընթաց է առնվազն 500 մլն դոլար «սև եկամուտ» ստեղծող, կրիմինալ ենթակառուցվածքների դեմ: Մարզպետը վստահեցրեց, որ այսօր շարունակում են հաստատակամ քայլերն այն առումով, որ 2020 թվականի արդյունքներով արձանագրենք, որ անտառը պահվում է ոչ թե հատկապես ուժային կառույցների մասնակցությամբ, այլ պրոֆեսիոնալ կառույցի մասնակցությամբ: Նա նկատեց՝ այսօր, ցավոք, դեռ անտառի կառավարման համակարգի միջոցով ի վիճակի չենք այս պահպանության գործը լիարժեք իրականացնելու և այդ պատճառով այդ գործընթացի մեջ հատկապես ներգրավված է ՀՀ ոստիկանությունը:

«Դիլիջան ազգային պարկի ելքի վրա կա համապատասխան պահակակետ: Այդպիսի պահակակետեր կան նաև այլ վայրերում, իրականացվում է մեծ ծավալի օպերատիվ աշխատանք, որպեսզի թույլ չտանք, որ այդ անիվը հետ պտտվի: Եվ Հայաստանում անտառները գտնվում են պետական հոգածության և պաշտպանության ներքո: Հայաստանում անօրինական անտառհատում չի լինելու»,-շեշտեց մարզպետը:

Անցյալ տարի մարզում անտառավերականգնման մեծ ծավալի աշխատանք է իրականցվել: Այս տարի բազմապատիկն է լինելու: Այս տարի առաջին անգամ մասնավոր ներդրմամբ ստեղծվել է տնկարան՝ անտառի վերականանգման համար: 2020-ին այդտեղ հնարավորություն կլինի արտադրել առնվազն 200 հազար տնկիներ, որոնք պետք է ծառայեն անտառավերականգնմանը: