Ոստիկանության հայտարարությունը պատուհաս է դարձել վարորդ ների համար



  13:40

Դեռևս 23.05.2018 թվականին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հայտարարություն տարածվեց այն մասին, որ <<2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում>>:
Ի թիվս այլի այդ զանցանքների շարքին է դասվում նաև / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մասը, այն է՝ տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով, այլ կերպ ասած տեխնիկական զննություն չանցնելու և տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը սահմանված տեղում չփակցնելու դեպքում ՀՀ ոստիկանությունը չի տուգանում:
Նշված հայտարարությունից ոգևորված վարորդների մեծ մասը արդեն իսկ տրանպորտային միջոցները վարում են առանց տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնների առկայության, ինչը հանգեցնում է ավելի ծանր հետևանքների:
Մասնավորապես ՀՀ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ Ապահովագրական ընկերությունը վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի՝ եթե ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում: Սուբրոգացիայի՝ այսինքն հետադարձ պահանջի իրավունքը ամրագրված է նաև Բյուրոյի կողմից հաստատված ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-001 կանոններով:
Վերը նշված օրենսդրական նորմերով պայմանավորված ԱՊՊԱ ընկերությունները փոխատուցում տրամադրելուց հետո իրացնում են իրենց իրավունքը և հատուցված գումարնեը հետ են պահանջում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջից, քանի որ մեքենան վթարի պահին չի անցել տեխնիկական զննություն և չունի տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոն:
Այսպիսով՝ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին խորհուրդ է տրվում օրենքով սահմանված կարգով անցնել մեքենաների տեխնիկական զննության գործընթացը, որպեսի հետագայում հնարավոր վթարի դեպքում իրենց փոխարեն հատուցված գումարները հետ չպահանջվի ԱՊՊԱ ընկերությունների կողմից :
Փաստաբան՝ Գորիկ Միրզոյան