Երկու ոստիկանի մահվան մեջ մեղադրվող «Ճվճվ Արոյի» որդին դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման.Pastinfo



  20:22

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Հարություն Մանուկյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին՝ նրան դատապարտելով ազատազրկման՝ 6,5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու ոստիկանի մահ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Պարզվել է, որ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է «Ճըվճըվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը, որը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Նախնական քննության տվյալներով՝ Ս.Վարդանյանը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,որը դատարանը թողել է անփոփոխ: