Թավշյա հեղափոխությունը Հայաստանում ամրապնդեց խոսքի ազատությունը. ԱԳ փոխնախարարի ելույթը ՄԱԿ-ում



  13:10

Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում հունվարի 23-ին տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՊԴ Հայաստանի զեկույցի քննարկմանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթի հիմնական դրույթները.

«Որպես Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր աներեր հանձնառությունը` ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը` համաձայն իր կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են խաղաղ և ներառական հասարակություն կառուցելուն, ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման հարցերի հասցեագրմանը, էթնիկ և կրոնական խմբերի դեմ ատելության հանցագործությունների դեմ պայքարին և կանանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը»:

«2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա ժողովրդավարական հեղափոխություն: Դա հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացման համարձակ դրսևորում էր և կարևոր քայլ Հայաստանի պատմության մեջ` առավել ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում: Հեղափոխությունը նոր խթան հաղորդեց երկրի իրավական, դատական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներին և արմատական վերափոխումների ենթարկեց հաջող կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների բնագավառները:

Հայաստանը իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ` քաղաքացիական և քաղաքական իրավունքների լիարժեք և անխափան իրականացումն ապահովելու համար: Բարեփոխումների փաթեթի հիմնասյուներից մեկը դատական բարեփոխումն է, որն ուղղված է դատական համակարգի անկախության ապահովմանը և համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը: Դրա հիմնական տարրերն են դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրումը, ինչպես նաև իրենց անկախության ֆունկցիոնալ, կառուցվածքային, նյութական և սոցիալական երաշխիքների հաստատումը»:

«Կառավարության մեկ այլ կարևոր առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ անսասան պայքարը և վերջինիս վերաբերյալ արշավի իրականացումը: Հակակոռուպցիոն ռազմավարությունը ներկայացնում է ինստիտուցիոնալ շրջանակ` կանխարգելման, քննության և հակակոռուպցիոն կրթության ասպեկտներով: Այն ներառում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի և հակակոռուպցիոն դատարանի ստեղծման, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց գույքային դրության ստուգման և հայտարարագրման համակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր: Վերջերս իրավասու մարմինների կողմից կոռուպցիայի դեմ մղվող պայքարի շրջանակներում հարուցվել և քննվել են հարյուրավոր կոռուպցիոն բնույթի քրեական գործեր, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»:

«Թավշյա հեղափոխությունը նպաստեց Հայաստանում մամուլի և խոսքի ազատության ամրապնդմանը: Քաղաքական վերափոխումների հաջողության գրավականն էր ոչ միայն ժողովրդի ուժեղ կամքը և միասնությունը, այլ նաև առցանց  հաղորդակցությունների լայն օգտագործումը: Այս փոփոխության շնորհիվ Հայաստանում հաստատվեց ժողովրդավարության նոր մակարդակ: «Լրագրողներ առանց սահմանների» 2019 թվականի ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչը նախորդ տարվա համեմատ նկատելի բարելավում է 19 կետով: Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ անցյալ տարվա ընթացքում գրանցվել է ինտերնետի ազատության ամենամեծ առաջընթացը, և Հայաստանը դասվում է այնպիսի 10 ազատ երկրների շարքին, ինչպիսիք են Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Իտալիան:

Հավաքների ազատության իրավունքի անարգել իրացումը նույնպես կարևոր նշանակություն ունի կառավարության համար, որը մեծ քայլեր է ձեռնարկել իրավապահ մարմինների գործողությունները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Անցյալ տարվա ընթացքում բողոքների պատմական ցածր քանակը ի ցույց է դնում վերը նշված միտումը»:

«Հայաստանը բարձր է գնահատում կանանց ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության կայացման գործում: 2019 թվականի փետրվարին Հայաստանն ընդունեց ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների առաջին ազգային ծրագիրը: Հայաստանը չափազանց  կարևորում է կանանց ակտիվ մասնակցությունը հակամարտության բոլոր փուլերում և հակամարտության արդյունքում տուժած կանանց և նրանց իրավունքների պաշտպանությունը: Այս կապակցությամբ կցանկանայի հիշատակել, որ Հայաստանում մեկնարկել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը՝ նպատակ ունենալով ներառական հարթակ տրամադրել կանանց և մայրերին՝ նպաստելու հակամարտությունից տուժած տարածքներում խաղաղության և հաշտության հաստատմանը թե՛ մեր տարածաշրջանում և թե՛ դրա սահմաններից դուրս:

Թավշյա հեղափոխության ընթացքում կանանց ակտիվ մասնակցությունը դեռևս անհրաժեշտ է վերափոխել առավել շոշափելի արդյունքների՝ երկրի քաղաքական և տնտեսական կյանքում կանանց ներկայացվածության մեծացման առումով: Որոշ հաջողություններ արձանագրվել են տնտեսության գերժամանակակից ոլորտներում: Օրինակ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի հիմնական աղբյուրներից մեկը հանդիսացող Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածությունը կազմում է 32%՝ ի համեմատություն աշխարհի տարբեր երկրներում գրանցված միջին 20%-ի»:

«Խտրականության բացառման սկզբունքը կառավարության մարդու իրավունքների քաղաքականության հիմնական բաղադրիչն է: Բնակչության առավել խոցելի խմբերի իրավունքների խթանումը, պաշտպանությունը և իրացումը, խտրականության բացառումը Կառավարության մարդու իրավունքների ռազմավարության հիմնարար բաղադրիչն է, ինչը նաև սերտորեն փոխկապակցված է մյուս երկու հիմնական սկզբունքների` մասնակցության և պատասխանատվության հետ: Հաճախ իրավունքի կրողների մասնակցության և իշխանությունների պատասխանատվության բացակայություն է, որ  հանգեցնում է խտրականության տարածմանն ու խթանմանը»:

«Փախստականների իրավունքների պաշտպանությունը մշտապես կարևորվում է, քանզի  1980-ական թվականներից ի վեր Հայաստանն ապաստան է տալիս փախստականների: Կառավարությունը գործադրում է հնարավոր ջանքերը ներգաղթած փախստականների կյանքի պայմանները բարելավելու և նրանց լիարժեք ինտեգրումն ապահովելու ուղղությամբ»:

«Աշխարհի տարբեր հատվածներում տագնապալի միտումները, այդ թվում` միջազգային և միջպետական հակամարտությունների թվի ավելացումը, վերջին տարիների ընթացքում աննախադեպ ռազմատենչ հայտարարությունների և ատելության խոսքի աճը, զանգվածային ոճրագործների բացահայտ հերոսացումը, միջազգային հանցագործությունների, ներառյալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մարտահրավերները թե՛ ազգային և թե՛ միջազգային հարթակում: Առավել մտահոգիչ է, որ այդ գործողությունների մի մասը հրահրվում կամ խրախուսվում են որոշ պետությունների իշխանությունների կողմից»: