ԱԺ հանձնաժողովում աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն անցավ



  15:15

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեցին համահեղինակներ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, նրանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի համար: Սկզբում նախագիծը վերաբերում էր նաև բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի որ առայժմ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»,-ասաց Գաբրիելյանը:

Բյուջեի վրա ռիսկերը կանխատեսելի լինելու համար նախագծով նախատեսվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: «Այսօր Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ մասնագետների պահանջարկը շատ մեծ է, սակայն չկան։ Այդպիսի ոլորտներն են ՏՏ-ն, գյուղատնտեսությունը, ճարտարապետությունը և այլն»,-ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով նախագծի բարոյահոգեբանական կողմին՝ Համահեղինակ Լիլիթ Մակունցն ասաց․ «Երբեմն նաև մագիստրատուրայում ուսանողների վարձավճարը հոգում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք, որ այդ տարիքում ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել և հոգալ իրենց ուսման վարձը: Նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ իր հերթին նկատեց, որ առաջարկվող համակարգը նման է հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռք բերելուն և վարկի համար վճարվող տոկոսները ետ ստանալու համակարգին: «Սակայն բնակարանաշինության ծրագրի հիմքում դրված է այն թեզը, որ շինարարությունը տնտեսության այն ոլորտներից է, որն ունի բավականին ընդգծված մուլտիպլիկատիվ ազդեցություն: Եվ դրա ծավալների ընդլայնումը գեներացնում է նոր հարկման բազաներ, հետևաբար, նաև նոր հարկային եկամուտներ պետության համար, որի հաշվին այդ վերադարձերը կատարվում են: Նույնը չենք կարող ասել կրթության ոլորտի վերաբերյալ, քանի որ կարճ ժամանակում կրթության ոլորտը չունի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը: Կրթության ոլորտն ազատված է ԱԱՀ-ից, այսինքն՝ այս ոլորտը, եթե այդ նախագծով ունենա որոշակի աճ, առանձնապես նոր հարկման բազաներ չի ձևավորելու, նոր հարկային եկամուտներ չի գեներացնելու: Սակայն այս օրենքի ընդունմամբ մշտական ծախս ենք վերցնում մեզ վրա՝ շարունակաբար այդ գումարները վերադարձնելու»,-ասաց նա:

Նախագիծը հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ։