«Առինջ մոլում» վաճառվող գուլպաները մասնավորի արտադրանք են․ պարզաբանում



  13:49

«Առինջ մոլ» առևտրի կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ առևտրի կենտրոնում զինվորի համար նախատեսված արտադրանք է վաճառվելու վերաբերյալ։

«Գուլպաները արտադրված են մասնավորի կողմից, ինչի մասին վկայում են գուլպաների պիտակների վրա արված գրառումները. առկա է հասցեն, արտադրողի տվյալները, շտրիխ-կոդը: Բացի այդ, գուլպաների վրա չկա «վաճառքի ենթակա չէ կամ արտադրված է ՊՆ պատվերով» գրառում, ինչն արդեն հավաստում է, որ այն զինվորի համար նախատեսված արտադրանք չէ:

«Լրատվամիջոցներում նյութ է շրջանառվում, թե իբր «Առինջ մոլ»-ի տաղավարներից մեկում ապօրինի վաճառվում է զինվորի համար նախատեսված արտադրանք՝ մասնավորապես գուլպա: Եվ չնայած «Առինջ մոլ»-ի տարածքում գտնվող տաղավարները վարձակալական հիմունքներով տրված են անհատ ձեռներեցներին, այնուամենայնիվ, հարկ ենք համարում հերքել սույն ապատեղեկատվությունը, և իրազեկել հանրությանը, որ տվյալ տաղավարում վաճառվող ապրանքատեսակի վրա բացակայում է «վաճառքի ենթակա չէ կամ արտադրված է ՊՆ պատվերով» մակնշումները:

Ապրանքատեսակը պատկանում է մասնավոր ընկերության, որը, ի թիվս այլ ապրանքների, արտադրում է նաև գուլպաներ: Ի դեպ, պիտակի վրա առկա է շտրիխ-կոդ և արտադրողի հասցեն, որն առաջնային պայման է ապրանքի՝ վաճառքի ենթակա լինելու հարցում: Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ «Առինջ մոլի» անունը արատավորել փորձող ապատեղեկատվության տարածումից»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:

Այցից հետո ՄԻՊ-ը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հայտնաբերվել են «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ և ստուգումների արդյունքներն ուղարկվելու են դատախազություն:

Ավելի ուշ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ԲՀ-ի անօթեւանների ժամանակավոր կացարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հիշյալ գուլպաները արտադրված են Հայաստանում գործող ՍՊԸ-ներից մեկի կողմից եւ, ըստ սեզոնային տեսականու՝ 80-150 ՀՀ դրամ գնով ազատ վաճառվում են «Առինջմոլ» վաճառքի կենտրոնի համապատասխան տաղավարներից մեկում: