ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցների մանրամասներ է ներկայացրել



  13:49

Իրանի կողմից Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազաների դեմ հրթիռային հարձակում իրականացնելուց հետո, ԱՄՆ-ը հանդես եկավ նոր պատժամիջոցներ սկսելու մասին հայտարարությամբ:

Ուրբաթ օրը, հանդես գալով Սպիտակ տանը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինը ներկայացրին Իրանի նկատմամբ այդ պատժամիջոցների մանրամասները: Դրանք նպատակ ունեն հարվածել Իրանի պողպատի ու երկաթի արդյունաբերությանը, որոնք երկրին ամեն տարի բերում են միլիարդավոր դոլարների եկամուտ: Թրամփը նաեւ ստորագրել է նախագահական հրահանգ, որը թույլ է տալիս նոր պատժամիջոցներ սկսել ընդդեմ Իրանի շինարարության, տեքստիլ արդյունաբերության ու հանքարդյունաբերության: Մնուչինի խոսքերով, այն էականորեն կվնասի Իրանի արդյունաբերության խոշոր ճյուղերը, ինչպես նաեւ օտարերկրյա այն ընկերություններին ու բանկերին, որոնք գործարարություն են իրականացնում Իրանի այս ճյուղերում: Գրել է «Ամերիկայի ձայնը»։

«Սրանք ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը», հայտարարել է Թրամփը:

Իրանի ղեկավարները, այդ թվում արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրում են Թեհրանի դեմ տնտեսական պատերազմ վարելու մեջ:

Ֆինանսների նախարար Մնուչինի խոսքերով, եթե այս պատժամիջոցները չիրականացվեն, «Թեհրանը ստացած եկամուտները կօգտագործի ահաբեկչական գործունեություն ծավալելու համար»:

Արտգործնախարար Մայք Փոմփեոն ասում է, թե Իրանը երբեք այս իրավիճակում չի եղել, ինչպես այսօր: «Այդ երկրի իշխանություններն այժմ պիտի ընտրություն կատարեն իրենց ժողովրդի բարեկեցությունն ապահովելու եւ Հեզբուլլահի կամ շիա մահմեդական զինյալներին օժանդակելու միջև»:

ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները տարածվում են նաեւ անհատ պաշտոնյաների, այդ թվում Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նախարարի վրա:

Դեռեւս պարզ չէ, թե նոր պատժամիջոցները որքան կազդեն Իրանի տնտեսության վրա: Մետաղի արդյունաբերությունը կազմում է այս երկրի տնտեսության 10 տոկոսը: Սակայն այս ճյուղի հետ իրենց համագործակցությունն են շարունակում Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան: