Բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը



  17:10

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի՝ ձախակողմյան հիդրոպմենթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 46-ամյա բնակչին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է հունվարի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վրացական փողոցում ծագած վիճաբանության ժամանակ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1987 թվականին: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 32-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: