Պետությունը կնորոգի 502 կմ ճանապարհ. Պապիկյան



  16:38

Պետությունը 2020 թվականին նախատեսում է նորոգել շուրջ 502 կմ ճանապարհ: Թե ստանդարտացման, թե ասֆալտի որակի բարձրացման նպատակով կարվեն էական քայլեր:

Այս մասին իր տարեվերջյան ասուլիսում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանը նախ հիշեցրեց՝ դեռ մայիս-հունիս ամիսներին ստանձնած 330 կմ ճանապարհի նորոգման դիմաց արդեն դեկտեմբերի դրությամբ հասցրել են նորոգել, հիմնանորգել շուրջ 360 կմ ճանապարհ։

«Սա նախարարության 2019-ի ձեռքբերումներից է: Այնուամենայնիվ, համակարգում կան բազմաթիվ խնդիրներ: Այս ճանապարհին ունեցել ենք թե նախորդ տարվանից, թե ընթացիկ տարում ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվել: Եվ մեկ անգամ 12 կմ և 4 կմ երկարություն ունեցող երկու տարբեր օբյեկտների համար կապալառուները պարտավորություն են ստանձնել ևս մեկ շերտ ասֆալտ տեղադրել։ Դա կյանքի է կոչվել: 2020 թվականն այս ուղղությամբ շարունակելու է լինել հեղափոխական, որովհետև թե ստանդարտացման, թե որակի բարձրացման մեջ մեծ աշխատանքներ ունենք անելու»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց՝ մասնավորապես բիտումի որակի բարձրացման նպատակով ՀՀ սահմանային ացնակետերում կտեղադրվեն տուգող լաբորատոր սարքավորումներ՝ Հայաստան բարձր որակի բիտում ներմուծելու նպատակով: «2020-ին մենք պլանավորել ենք շուրջ 502 կմ ճանապարհ նորոգել: Եվ սա շարունակական է լինելու ՀՀ-ում, քանի որ մեր կառավարության ստանձնած պարտավորությունների շրջանակներում է նաև հանրապետության ճանապարհների 70 տոկոսը դարձնել բարվոք, անցանելի և արդիական»,- եզրափակեց Պապիկյանը: