Բրատիսլավայում հանդիպմանը կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցերի փաթեթը․ Մնացականյան



  17:30

Բրատիսլավայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցերի համալիր: Այս մասին դեկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ կա հարցերի միացյալ փաթեթ, որը վերաբերում է կարգավորմանն ու գործընթացի այլ հարցերին: «Մեր դիրքորոշումը հայտնի է: Մեր առաջնահերթությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու նրա կարգավիճակը: Ւնչ վերաբերում է մթնոլորտին, ապա վերջին շրջանում կա որոշակի համեստ արդյունք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ նկատի ունենալով լրագրողների փոխադարձ այցերը:

«Դուք տեսել եք ԱԳն հայտարարությունը, որում մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել շփման գծում զինվորի վիրավորման կապակցությամբ: Մեզ համար մեխանիզմները, միջոցառումները, հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ բոլոր միջոցները, որոնք նպաստում են լարվածության նվազեցմանը, շատ կարեւոր արդյունք են»,- նշեց նա:

Պատասխանելով Ադրբեջանում ընթացող գործընթացների մասին հարցին, նախարարը նշեց, որ հայկական կողմը հակված է խաղաղ կարգավորմանը՝ ցույց տալով անցած մեկուկես տարում խաղաղ գործընթացին մասնակցության լրջությունը: «Ինչ վերաբերում է Ադրբեջանում ներքին զարգացումներին, զերծ կմնամ մեկնաբանություններից»,- ասաց Մնացականյանը: