ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ բացառում՝ ծանր հանցագործությունների դրվագներ ունենանք Պողոսյանի գործով․գլխավոր դատախազ



  14:37

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը  վերցավել է դեռևս մի քանի ամիս առաջ։

Դատախազի խոսքով՝ որոշումը հրապարակվել է, երբ ստացվել է Պողոսյանին հանձնելու մասին մերժումը։

Դավթյանը հստակեցրել է, որ եթե երկիրը հանձնումը մերժում, այլևս մի վայրկյան իրավունք չունի որևէ մեկին պահել։

«Դա նոր բան չէ։ Այդ առումով մենք դեռևս շարունակում ենք քննարկումները մեր գործընկերների հետ, նկատի ունենալով՝ քրեական գործն էլ բավականին ակտիվ փուլում է, չեմ բացառում՝ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ մենք կունենանք այդ առումով»,- նշել է պաշտոնյան։

Ըստ Դավթյանի՝ պայմանավորված հանցանքի ծանրությամբ՝ հույս կա, որ ՌԴ գործընկերներն, իրավական ու արդարացի մոտեցում կցուցաբերեն, Միհրան Պողոսյանի արտահանձնելու խիստ անհրաժեշտությունը կհիմնավորեն կոնկրետ իրավիճակով։

Հարցին՝ թե արդյոք անընդունելի՞ են համարում ՌԴ բացատրությունները գլխավոր դատախազն ասել է․

«Եթե ընդունելի լինեին, չէինք շարունակի մեր շփումները»։

Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։