Կապանի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը բացահայտվել է



  17:01

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած, կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1993թ. ծնված երիտասարդ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1993թ. ծնված երիտասարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է 2019թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գործող ակումբի բակում ծագած վիճաբանության ընթացքում:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: