Գեղարքունիքի դպրոցներից մեկում կոռուպցիոն չարաշահումների փաստը կպարզվի․ հարուցվել է քրգործ



  17:24

Գեղարքունիքի դպրոցներին նույն տնտեսվարողից ապրանքներ մատակարարելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումների առկայությունը կպարզվի հարուցված քրեական գործի շրջանակում:

Այս առնչությամբ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «04.10.2019թ. hetq.am կայքում հրապարակվել է «34 միլիոն դրամի գնումներ Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից» վերտառությամբ հոդվածը, որն իրականացված ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն: Մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Ձեռք բերված տվյալներով հաստատված է համարվել, որ յուրաքանչյուր տարի պետության կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելու համար կրթօջախներին գումար է հատկացվել, որով դպրոցների տնօրինությունը ձեռք է բերել դասավարման մատյաններ, օրագրեր, գրենական պիտույքներ, անհրաժեշտ այլ պարագաներ։

Այդ նպատակով Գավառի տարածաշրջանի մի շարք դպրոցներ 2017-2019թթ. պետության կարիքների համար մեկ անձից գնումների ընթացակարգի պահպանմամբ ապրանքի մատակարարման պայմանագրեր են կնքել «Բայազետ-96» ՍՊԸ-ի հետ, որի խանութ սրահից էլ,  բանկային փոխանցումների միջոցով կատարված վճարմամբ, ձեռք են բերել դպրոցական պարագաները: Միաժամանակ պարզվել է, որ «Բայազետ-96» ՍՊԸ-ն պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ գիտության վարչության պետի եղբորը, իսկ ընկերությունը ապրանքներ է մատակարարել նաեւ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցին, որի տնօրենը հանդիսանում է նրանց քույրը:

Ըստ նախապատրաստված նյութերի՝ ընկերությունը մրցութային ընթացակարգով Գավառի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, գրենական պիտույքներից բացի, մատակարարել է նաեւ տնտեսական ապրանքներ եւ սննդամթերք՝ պայմանագրով նախատեսված տեխնիկական-բնութագրին, գնման ժամանակացույցին եւ ծավալներին համապատասխան:

Ելնելով դրանից՝ հետաքննության մարմինը եզրակացրել է, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք չեն բերվել տվյալներ առ այն, որ ընկերության եւ մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք դպրոցների միջեւ պայմանագրերի կնքման գործընթացում ընկերության տնօրենի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ գիտության վարչության պետի եղբայրներ լինելու հանգամանքը որեւէ ազդեցություն է ունեցել եւ գնումների գործընթացում չարաշահումներ են եղել:  Արդյունքում  կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Սակայն Գեղարքունիքի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրման եւ կայացված վերոնշյալ դատավարական որոշման օրինականության ստուգման արդյունքում դատախազը հանգել է եզրակացության, որ նախ՝ հետաքննության մարմնի տրամադրության տակ չեն եղել նման եզրահանգման գալու համար բավարար փաստական տվյալներ: Բացի այդ, նկատի ունենալով հատկապես, որ գրենական պիտույքներից բացի, ի տարբերություն այլ դպրոցների, սննդամթերք, տնտեսական այլ ապրանքներ մատակարարելու պայմանագրեր են կնքվել փոխկապակցված անձանց կողմից ղեկավարվող այս դպրոցի եւ նման ուղղվածություն չունեցող ՍՊԸ-ի միջեւ,  նյութերի նախապատրաստման սահմանափակ դատավարական ժամկետների պատճառով բավարար ստուգման չի ենթարկվել գնման գործընթացում օրենսդրական պահանջների պատշաճ կատարման հանգամանքները:

Ելնելով դրանից՝ դատախազը գտել է, որ իրականացված գնման գործընթացների օրինականությունը, մատակարարման գործըթնացի կազմակերպման վրա դպրոցի եւ մատակարար ընկերության ղեկավարների փոխկապակցված լինելու հանգամանքների ազդեցությունը հնարավոր է պարզել եւ առկա կասկածները փարատել միայն  բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության միջոցով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում առավել լայն քննչական, դատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործիքակազմի կիրառման պայմաններում, դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը: