Սիլիկյան թաղամասում կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ․ գործադիրը հաստատեց



  16:05

Գործադիրն այսօր հաստատել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին ուղղված ռազմավարությունը, որի նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:

Ըստ այդմ, սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական հագեցվածության բարձրացում, քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում, ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը:

Սահմանվել է նաև քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդում, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում,
դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավում:

Պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է․

1․ փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար),

2․ փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում),

3․ «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք,

4․ փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք,

5․ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները,

6․ Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար: