Ուրախ եմ՝ համաձայնության եկանք գլխավոր քարտուղարի նշանակման հարցում․ Փաշինյանը՝ Զասի մասին



  17:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշմանը։

«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:

Ավելի վաղ Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտնել էինք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020-ի հունվարի 1-ից նշանակելու հարցը:

Կանոնների համաձայն՝ այն երկրները, որոնց ներկայացուցիչները ղեկավարում են այդ դաշինքը, փոխարինվում են այբբենական կարգով: Հայաստանին (Армения​​​​​) հաջորդում է Բելառուսը: