«Ո՞վ է կանգնած Էրդողանի հետևում»․ Կարո Փայլանը հրապարակել է Էրդողանի և Սորոսի լուսանկարը



  14:50

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում  հրապարակել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և գործարար Ջորջ Սորոսի՝ տարիներ առաջ արված լուսանկարը: Այն մեծ տարածում է գտել թուրքական մամուլում այն բանից հետո, երբ Էրդողանը մեղադրել է Թուրքիայում իր լիբերալ հայացքներով հայտնի և հայերի ցեղասպանությունը ճանաչող գործիչ Օսման Քավալային՝ Թուրքիայում Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գաղափարներն առաջ տանելու համար:

Փայլանը հրապարակել է 2003-ին Դավոսում արված արված հայտնի լուսանկարը և կից գրառում արել․ «Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։

Լուսանկարում Էրդողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ:

«Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, այսօր ինչո՞ւ պիտի հանցանք լինի»,-հավելել է Փայլանը:

Նշենք, որ Էրդողանը մեղադրել է Սորոսին 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված բողոքի ցույցերը ֆինանսավորելու համար: