ՀՀ նախագահի դրամական միջոցները՝ 5,4 մլն եվրո․ ի՞նչ ունեցվածք ունեն աշխատակազմի անդամները



  16:32

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դրամական միջոցները 2018 թ․ սկզբին կազմել են 5,5 մլն եվրո, իսկ տարեվերջին՝ 5,4 մլն եվրո։ Այն, թե ՀՀ նախագահը տարվա ընթացքում 100 հազ․ եվրոն ինչի՞ վրա է ծախսել, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշված չէ։

Արմեն Սարգսյանի ունեցվածքի կամ սեփականության մասին այլ տեղեկատվություն հայտարագրում առկա չէ։ Միայն նշված է, որ 2018 թ․ հարկային տարվա եկամուտը կազմում է 8,3 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի դրամական միջոցները նույն տարում կազմել են 7,5 մլն դրամ և 12 հազ․ 500 դոլար։ Ունեցվածքի մասին այլ տեղեկատվություն հայտարարագրում նշված չէ, իսկ հարկային տարվա եկամուտը կազմել է 16,9 մլն դրամ։

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանի դրամական միջոցները 2019 թ․ կազմել է 50 հազ․ ԱՄՆ դոլար և 10 մլն դրամ։ Նա հայտարարագրել է նաև բնակարան և ավտոտնակ։

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը 2019 թ․ հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև 900 հազ․ դրամի չափով դրամական միջոցներ։ 2019 թ․ հարկային եկամուտը հունվարի 1-ից մինչև հայտարարագիրը ներկայացնելը կազմել է 2,8 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից։

ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ստեփան Քարտաշյանը 2019 թ․ հայտարագրել է 2 մեքենա՝ «SKODA FABIA 1.4» և «MERCEDES-BENZ E 250CGI» մակնիշների։ Նույն թվականին նրա հանձնած փոխառությունները կազմել են՝ 20 000 եվրո և 3000 ԱՄՆ դոլար։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 1,9 մլն դրամ։