Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում. Փաստինֆո



  09:35

Վարդավառ խաղացող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ նախկին ոստիկանապես Վովա Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի գործն ուղարկվել է դատարան եւ կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի» տոնակատարությունը նշող երեխաներից մեկն իր ձեռքին եղած ջրի տարայով ջրել էր նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, ավտոմեքենան։ Վերջինս, բարկանալով, իջել էր մեքենայից ու բռնություն գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով «լակոտ, անդաստիարակ»։ Ապա՝ ոստիկանության ծառայողը բռնել էր աղջկա պարանոցից ու սեղմել դեպի գետին՝ փորձելով մտցնել ջրի մեջ։

Կարեն Գասպարյանի վերոնշյալ գործողությունները նկատել է երեխայի հայրը ու միջամտել։ Արդյունքում տոնակատարությունը վերածվել է լուրջ միջադեպի՝ նախկին ոստիկանապետի եղբայրը հայհոյել է նաեւ անչափահասի հորը, բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Ներկաների միջամտությամբ վեճն ավարտվել է, բայց հետո շարունակվել նախկին ոստիկանապետի եղբոր ամառանոցում։ Կարեն Գասպարյանն անչափահասի հորը նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում հրավիրում է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց՝ իբր հարցը պարզաբանելու, հարթելու համար։ անչափաասի հայրն ամառանոց է գնացել տարեց հարեւանի, եղբոր որդու հետ, որտեղ նրանց դիմավորել է Կարեն Գասպարյանի որդին՝՝ Սերգեյ Գասպարյանը եւ ուղեկցել ներս։ Սակայն այստեղ արդեն իրադարձություններն այլ կերպ են զարգացել՝ վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, հարևանի ներկայությամբ Կարեն Գասպարյանը անչափահասի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ ընդգծելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում։

Անչափահասի հայրը, Կարեն Գասպարյանի և նրա բազմաքանակ կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու, եղբոր որդու կյանքի համար մտահոգվելով, ենթարկվում է Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից։

Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն մակագրվել է դատավոր Գեղամ Մարգարյանին: