«Մոնումենտցի կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան



  12:53

Նոյեմբերի 16-ին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի (Մոնումենտցի Կյաժի) ծննդյան օրն է: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողն այսօր կդառնար 23 տարեկան:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ, գլխատել բնակիչներին, գրավել 14 ռազմական հենակետ, ինչպես նաև ռմբակոծել գրեթե բոլոր տները։

Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքն անձնազոհաբար պաշտպանելիս զոհվեց 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժը): Նույն դիրքի անձնակազմից էին նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը: Անհավասար մարտը տևել է երկու ժամ: Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո ոտքից վիրավոր կրտսեր սերժանտ Աբաջյանն իր վրա է վերցրել հրամանատարությունը և մինչև վերջին փամփուշտը շարունակել կռիվը:

Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, Աբաջյանը զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվել է թափանցել դիրք։ Աբաջյանը, միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից, սակայն, մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով՝ Ռոբերտ Աբաջյանը մինչեւ վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդել դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասել է, հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։

Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացրել, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Աբաջյանի՝ «այս դիրքը հանձնողի մերը» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել:

Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչում. հետմահու պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» եւ Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշաններով։

Աբաջյանն առաջինն է, որը կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման է արժանացել: Նա թվով 24-րդն է, որը արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաեւ տվյալ կոչման ամենաերիտասարդ կրողը: