Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել



  13:03

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Օրեր առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել  այն մասին, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։