Կստեղծվի անմիջապես դեպքի վայրում քաղաքացուց հաղորդում վերցնող ոստիկանության պարեկային ծառայություն



  20:20

Հայաստանում կստեղծվի ոստիկանության պարեկային ծառայություն. քաղաքացիներին ավելորդ քաշքշուկից զերծ պահելու համար պարեկային ծառայողներն օժտված են լինելու տեղում քաղաքացուց  հանցագործության  մասին հաղորդում ընդունելու լիազորությամբ: Այս մասին ԱԺ-ում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Ոստիկանությունում նախատեսվում է ստեղծել նոր պարեկային շարժական ծառայություն, որի նպատակը պետք է հանդիսանա հանցագործության դեպքերի օպերատիվ արձագանքումն ու դրանց տաք հետքերով բացահայտումը, հասարակական կարգի շուրջօրյա պահպանությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քաղաքացիներին ցուցաբերվող աջակցությունը՝ սեփականության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս, օգնություն ցույց տալը անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված անձանց և այլն: Պարեկն օժտված է լինելու որոշ հանցատեսակներով տեղում հաղորդում ընդունելու լիազորությամբ, որ քաղաքացուն ավելորդ քաշքշուկներից զերծ պահենք: Պարեկն այդ հաղորդումը փոխանցելու է այն մարմնին, որն իրականացնելու է իր գործողությունները՝  հանցագործությունը բացահայտելու կամ դեպքերի հանգամանքների ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ Ճանապարհային ոստիկանություն ծառայություն չի լինելու, քանի որ պարեկային ծառայությունն իր մեջ ներառելու է նաև Ճանապարհային ոստիկանության գործառույթներ իրականացնող պարեկ: