Արևիկ Անափիոսյանը կրկնություն է համարում բուհերում հայոց լեզվի, գրականության, պատմության ուսուցումը



  17:50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը կարծում է, որ հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդումը հանրակրթական դպրոցի գործառույթներից է: Բուհերում այդ առարկաների ուսուցումը կրկնություն է:

Այս մասին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում ասաց Արևիկ Անափիոսյանը:

«Եթե մենք բուհերի հայեցողությանն ենք թողնում՝ այդ առարկաները դասացուցակներում ներառելը կամ ոչ, նշանակում է`բուհերը պետք է ունենան ինքնավարություն և ինքնուրույնություն, որ կարողանան որոշել, թե ինչպես են կառուցում և իրականացնում իրենց  մասնագիտական ծրագրերը»,-նշեց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` օրինակ` հայոց լեզու առարկայի ընդունելության քննությունը  եվրոպական լեզուների գնահատման սանդղակով իրականացվում է B1 կամ  B2, C2 կամ C1 մակարդակների համար: Դրանք մայրենի լեզուն հմուտ տիրապետելու  մակարդակը ցույց տվող քննություններ  են: «Մենք բուհական համակարգում հետ քայլ ենք անում և նորից ենք փորձում ուսանողներին ինչ-որ բան սովորեցնել այդ առարկաներից,  այնինչ այդ գործառույթը հանրակրթական դպրոցինն է: Ըստ իս` բուհի խնդիրը չէ լրացնել այն բացը, որը եղել է դպրոցում»,-շեշտեց նա:

Անափիոսյանն ասաց, որ այլ հարց է, եթե  մենք մեր առաջ դրել ենք խնդիր սահմանել հայոց լեզվի, հայոց պատմության, առհասարակ հայագիտական բլոկի դասավանդման որոշակի սանդղակ:

Բարձրագույն կրթության  և գիտության մասին  օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում  կա կետ, որ բուհերում այլևս  պարտադիր առարկաների ցանկում չեն լինելու հայոց լեզու,  հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները: Այդ կետի առկայությունը քննարկումների ալիք է բարձրացրել մասնագետների շրջանում: Շատերն անմիտ են համարում այդ գաղափարը, շատերն էլ դեմ չեն դրա իրագործմանը: