Նախարարը Ողջի գետը հոսքաջրեր լցվելու համար մեղավոր է համարում պղնձամոլիբդենային գործարանին



  15:02

Ողջի գետը լցված հոսքաջրերը եղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից, այլ ոչ թե անմիջապես պոչամբարից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է: Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն ու կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները և վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակներում ու հաշվարկի գործող օրենսդրության»,-  ասաց նախարարը:

Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Նրա խոսքով՝ ներկայումս իրենք վերանայում են այդ համակարգը:

«Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ ու դրանով փակվել է: Այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է  և հասնում Արծվանիկի պոչամբար: Գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,- ասաց նախարարը: