Դատարանը քննում է Լյովա Սարգսյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի. Pastinfo.am



  15:12

Pastinfo.am-ը գրում է. Վարչական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, ՀՀ նախկին դեսպան Լյովա Սարգսյանի գործն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի:

Բանն այն է, որ Լյովա Սարգսյանը 2019 թվականի մայիս ամսին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը: Ըստ այդ որոշման՝ Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Առերեւույթ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից կազմվել էր արձանագրություն, Լեւոն Սարգսյանը ծանուցվել էր գործի քննության օրվա եւ ժամի մասին, սակայն չէր ներկայացել Հանձնաժողով, եւ գործի քննությունն ընթացել էր առանց նրա:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել էր Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը: Նշենք, որ այդ տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դարձյալ չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Սակայն Լյովա Սարգսյանի հայցի վարույթ ընդունվելով՝ վիճարկվող որոշումը ժամանակավորապես կասեցվել է: Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել Էթիկայի հանձնաժողովի հիշյալ որոշումը, որով իր նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» վարչական տույժ:

Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Անի Հարությունյանը: Հայցվորի ներկայացուցիչն է փաստաբան Միհրան Պողոսյանը, պատասխանողի ներկայացուցիչը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին նախագահող դատավոր Անի Հարությունյանը, անդրադառնալով զլմ-ների հրապարակումներին, կողմերին տեղեկացրեց, որ սույն գործով հայցվորը հանդիսանում է իր մերձավոր ազգականի ընկերոջ եղբայրը. «Սույն գործի շրջանակում Դատական օրենսգրքով սահմանված ինքնաբացարկի հիմքեր չկան, եւ նշված հարաբերությունները չեն ազդում եւ չեն կարող ազդել դատավորի անաչառության վրա»,-նշեց նա՝ ճշտելով կողմերի դիրքորոշումը՝ այս հարցի առնչությամբ: Կողմերից ոչ մեկը ինքնաբացարկի միջնորդություն չուներ:

Հայցվորի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը դատական նիստի մեկնարկին նշեց, որ Հանձնաժողովը պարտավոր էր ապահովել Լյովա Սարգսյանի լսված լինելու իրավունքը, մինչդեռ վարչական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս կամ մինչ այդ չի ապահովվել այդ իրավունքի իրացումը. «Հանձնաժողովի կողմից կայացված տվյալ վարչական ակտը անվավեր է, քանի որ կայացվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով. ոչ վարչական վարույթը սկսելու, ոչ էլ վարչական տույժ նշանակելու ընթացքում չի ապահովվել անձի լսված լինելու իրավունքը»:

Պողոսյանի խոսքով՝ ապրիլի 9-ին՝ վարչական տույժ նշանակելու որոշման կայացման օրվա եւ տեղի մասին հանձնաժողովը ընդհանրապես չի տեղեկացրել եւ հնարավորություն չի տվել անձին արտահայտել իր կարծիքը սույն վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ, այն պարագայում, երբ Հանձնաժողովը հաստատապես տեղյակ է եղել, որ Լյովա Սարգսյանը բացակայում է երկրից եւ հնարավորություն չունի ուղարկված ծանուցումները իր  հաշվառման հասցեից ստանալ. «Հանձնաժողովը իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ զլմ-ներին պարզաբանումներ է տվել, եւ հայցվորն ու հայցվորի ներկայացուցիչը վարույթի վերաբերյալ տեղեկացվել են հենց այդ հրապարակումների արդյունքում»: Հայցվորի ներկայացուցիչը նշեց նաեւ, որ ինքը վարույթի փաթեթը ստացել է, սակայն հրապարակային ծանուցումը իրականացվել է ոչ մինչեւ վարույթի սկսելը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը, ի պատասխան հայցվորի, նշեց, որ իրենք ձեռնարկել են հնարավոր բոլոր իրավական միջոցները անձի պատշաճ ծանուցումն ապահովելու համար. «Մարտի 28-ի՝ վարույթ հարուցելու որոշումը եւ արձանագրությունները հենց այդ օրն ուղարկվել են Լյովա Սարգսյանի երկու հասցեներով, նույն օրը վարույթ հարուցելու որոշումը նաեւ տեղադրվել է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում»:

Պատասխանողի ներկայացուցիչը նշեց՝ թեեւ նամակները օրեր անց՝ մայիսի 2-ին, վերադարձվել են, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  համաձայն՝ տվյալ դեպքում եւս անձը համարվում է պատշաճ ծանուցված. «Ինչպես հայցվորի ներկայացուցիչը նշեց, Հանձնաժողովը տեղյակ է եղել անձի՝ երկրից բացակայելու եւ վարույթի առնչությամբ արտահայտվելու անհնարինության վերաբերյալ, բայց մյուս դեպքում էլ նա հակասեց իրեն՝ ասելով, թե անձին հնարավորություն չի տրվել արտահայտվել: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի՝ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշմանը, դա եւս ուղարկվել է նշված հասցեներով եւ հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, տեղադրվել է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում»:

Անդրադառնալով վարչական տույժ նշանակելու որոշումը կասեցնելու հանգամանքին՝ Էդգար Շաթիրյանը վկայակոչեց ՎԻՎՕ 304-րդ հոդվածը, ըստ որի՝ նախազգուշացման ձեւով վարչական տույժ կիրառելու մասին որոշումը պաշտոնատար անձի կողմից ի կատար է ածվում գործի քննության ավարտից հետո՝ որոշումը հայտարարելուց հետո. «Այսինքն՝ վարչական տույժ կիրառելու մասին որոշումը, ըստ իս, հնարավոր չէ կասեցնել»,-նշեց պատասխանողը՝ վստահեցնելով, որ իրենց նպատակը չի եղել ամեն գնով անձին տուգանելը, սակայն հնարավոր չի եղել նաեւ ապահովել վերջինիս ներկայությունը:

Հայցվորի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն էլ ընդգծեց, որ ծանուցումներն ուղարկելը օրենքի ձեւական կողմն է միայն եւ միտված չի եղել անձի լսված լինելու իրավունքը ապահովելուն:

Այսպիսով, ավարտվեց գործի նախնական քննության փուլը: Բուն դատաքննության գործով դատական նիստը նշանակվեց դեկտեմբեր ամսին:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 10-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում  ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել էր հետախուզում: Նշեք, սակայն, որ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարված էր դեռ նախորդ տարվանից՝ 2018 թվականի հուլիսի 6-ից, երբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով քննիչի կողմից որոշում էր կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մասով, և 314.3-րդ հոդվածի 2-րդ՝ պաշտոնեական կեղծիքի մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս գործով եւս նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանավորումը:

Հեղինակ` Միլենա Խաչիկյան