Հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը 18 անդամ կունենա Panorama.am

Ազգային ժողովը քննարկում է Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը։

Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց, որ առաջարկվում է անդամների թիվը սահմանել 18:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմելով զեկուցողին՝ նշեց, որ այսպիսի հաշվետվություն կատարելու համար բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են պետք։

«Հիմա ո՞նց եք պատկերացնում, այս գործն ով է անելու։ Պատգամավորնե՞րն են անելու, թե դրսից կազմակերպություններ եք ներգրավվելու, և եթե այդպես է լինելու, այդ ծախսը ո՞նց է արդարացվելու»,- հարցրեց Թունյանը։

Ի պատասխան Բագրատյանն ասաց, որ դեռևս այս հարցը չի կարգավորվում գործող օրենսդրությամբ. «Մենք պատրաստ ենք ներկայացնելու համապատասխան փոփոխություններ  և նախագիծ, որպեսզի ԱԺ-ն քննարկի և կառավարության հետ համատեղ որոշում կայացնի։ Շատ մեծ արձագանք է ստացել նախաձեռնությունը և բազմաթիվ կազմակերպություններ պատրաստ են քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորելով՝ աշխատել մեզ հետ, օգնել հնարավոր մասնագիտական քննարկումներով»։

Ինչ վերաբերում է ֆինանսական մասին՝ նա ասաց, որ այս պահին մոտավոր հաշվարկներով 100 մլն դրամի բյուջե են նախատեսում՝ քննություններն իրականացնելու համար։