Հանդիպել են Պուտինն ու Ալիևը

Սոչիում Վալդայան ակումբի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, կողմերն առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման գործում արձանագրել են դրական դինամիկա։

«Չնայած նրան, որ մեր անձնական շփումներում դադար էր, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և զարգանալ հաջող՝ ամրապնդվել են առևտրա-տնտեսական կապերը, ապրանքաշրջանառությունն  անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ասել է Պուտինը։

Նրա կարծիքով, այդ ուղղությամբ երկրներն ունեն լավ հեռանկարներ. «Նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ կոնկրետ խոշոր նախագծերը իրագործվեն»։ Պուտինը նշել է, որ դրա վրա նաև աշխատում է երկկողմ միջկառավարական հանձնաժողովը:

«Անհրաժեշտություն ունենք փոխանակվելու տեղեկատվությամբ այն մասին, թե ինչպես են ծավալվում հարաբերություններն այլ ուղղություններով, հուսով եմ, այսօր այդ ամենը մեզ կհաջողվի, և դուք կմասնակցեք ընդհանուր հետաքրքիր բանավեճին»,- նշել է ՌԴ նախագահը:

Ի. Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ առաջնորդին հանդիպման հնարավորության համար։
«Ինչպես դուք նշեցիք, մենք ինչ որ ժամանակ չենք հանդիպել, ավելի ճշգրիտ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի մեր շփումների ինտենսիվությունը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ անցյալ տարի 4 հանդիպում է եղել:

Ալիևը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական գործընկերություն: Ադրբեջանի նախագահը նաև մատնանշել է տնտեսության բնագավառում դրական դինամիկան։

«Առևտրաշրջանառությունն աճում է և այս տարի, և անցյալ տարի: Մեր տվյալներով մինչև օգոստոս աճը կազմել է ավելի քան 20 տոկոս։ Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր է, ընկեր, բարի հարևան: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները: Վստահ եմ, որ այսօրվա բանավեճը լավ ներդրում կլինի մեր հարաբերությունների հետագա ամրապնդման համար»,- եզրափակել է Ալիևը: