Զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ կատարվեցին

Կառավարությունը փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները, իսկ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը:

«Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտային օբյեկտիվ գնահատելու հարցազրույցի արդյունքները: Պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը։ Տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է, և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է»,-ասաց Հարությունյանը:

Ըստ նրա, հստակեցվել է միջին որակավորման գնահատականը, և ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ:

Նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձև: