Աննա Դանիբեկյանին հետապնդելու և ճնշումներ գործադրելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է



  13:55

ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

«Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»,- հայտնել է նա:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։