Ռուսաստանից ձեռք բերվող զենքի գինը անհամեմատ է այն գների հետ, որով այդ երկիրը վաճառում է երրորդ երկրներին. ԱԳ փոխնախարար



  12:22

Այսօր Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ որոշակի սահմանափակումներ դնել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից երրորդ երկրին զենք վաճառելու հարցում։ Գրում է Aysor.am-ը։

Պատգամավորը նկատի ուներ ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանի, Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։

«Մենք տեսանք՝ ինչ եղավ 2016-ի ապրիլին, Աստված մի արասցե, որ կրկնվի նման բան։ Բայց ո՞րն է պաշտոնական դիրքորոշումը, քայլեր արվո՞ւմ են սահմանափակումներ դնելու ուղղությամբ», – փոխարտգործնախարարից հետաքրքրվեց պատգամավորը։

Փոխնարարն ի պատասխան նկատեց, որ կարելի է փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց մեծ խոչընդոտներ կարող են առաջանալ։

«Բայց մի բան ասեմ՝ ՀԱՊԿ-ում կա պայմանագրային դրույթ, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությանը նույն զինատեսակները գնել ավելի մատչելի գներով, և Հայաստանի դեպքում դա կիրառվում է։ Այդպիսի դրույթ մենք ունենք երկկողմանի՝ և Ռուսաստանի, և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Այն, ինչ մենք ձեռք ենք բերում, իհարկե, անհամեմատ է այն գների հետ, որով Ռուսաստանը վաճառում է երրորդ երկրներին», – հավելեց Քոչարյանը։