Ավարտվել է ծանր մարմնական վնաս պատճառելու և ծեծի դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 37-ամյա  բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի  մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

2019 թվականի հունվարի 28-ին Վանաձոր քաղաքի շենքերից մեկի մոտ  կայանած  ավտոմեքենայում, 37-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 28-ամյա կնոջ հետ, ապա դիտավորությամբ քաշել է կնոջ մազերից և ծեծի ենթարկել նրան: Դեպքին ականատես է եղել կնոջ հայրը՝ ծնված 1969թ., ով գտնվել է  նույն  մեքենայում և դստեր ամուսնու կողմից իրեն և դստերը հայհոյելու, վերջինիս մազերը քաշելու պատճառով վիճաբանել ավտոմեքենայում, ապա ավտոմեքենայից դուրս՝ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է դստեր ամուսնու դեմքին, գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձորի 50-ամյա  բնակչին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ 37-ամյա բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: