28-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երեկ 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը հայտնաբերվել է պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդը:

Նա սեպտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: