Արսեն Թորոսյանի ընդհատված ասուլիսը շարունակեց Գևորգ Թամամյանը



  12:30

Ես Առողջապահության նախարարին հարցեր ունեի, բայց նա ինձ հետ չկարողացավ դեմառդեմ խոսել։ Նա հեռացավ և անկյունում հարցազրույց էր տալիս։ ՀՀ առողջապահության նախարարին հարիր չէ անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, ով տեսախցիկների դիմաց առյուծ է կտրում կամ թուր է ճոճում։ Տեսանք՝ իրականում այդ ամենն ինչ ավարտ է ունենում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը, որի հարցերը լսելուց հետո նախարարը շտապել էր լքել ասուլիսի սրահը։

«Ես եղել եմ լրիվ բաց, ոչ մի բան չի փոխվել՝ ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որ հեղափոխությունից հետո դարձան խիստ «կառուցողական»», – ասաց բանախոսը։ Գրում է Aysor.am-ը։

Թամամյանը նշեց, որ Թորոսյանն ամբողջությամբ օտարերկրյա ներդրողին է հանձնել ճառագայթային բժշկության ոլորտըը, որը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի։

«Թող իրավապահները պարզեն՝ ինչ է կատարվել, և ինչու են մասնագետները հեռանում մասնավոր սեկտոր», – ասաց նախկին պաշտոնյան։

Թամամյանը նաև հարց բարձրացրեց՝ պետպատվերի բաշխումն անելիս նախարարն ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել։
«Այդ ի՞նչ չափորոշիչներով է առաջնոդվել, ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տրվել»,- նշեց բանախոսը։

Գևորգ Թամամյանը նաև ընդգծեց՝ ինքը հասկանում է, որ Արսեն Թորոսյանն ատում է Հայաստանում կայացած բոլոր բժիշկներին։

«Նախարարի ամենամոտ աշխատակիցներն իմ ներկայությամբ բազմիցս հայտարարել են, որ նախարարությունում, ցիտում եմ, տիրում է «բացարձակ բարդակ, ոչ ոք ոչնչից տեղյակ չի լինում»։ Նաև խնդրում եմ պարոն նախարարին հարցնեք. ինքը, աթոռի վրա նստած, Կոլխիցին էր հանում, թափահարում՝ մարդկանց մոտ հույզեր առաջացնելով՝ «Ես հիվանդ տղա եմ, դրա համար ինձ ծառայությունից ազատել են»։

Բանակում ծառայել է որպես բժիշկ, «պիսր»։ Գրագիր է ծառայել, Գենշտաբում գրագրություն է արել։ Ինձ բացատրեք՝ այդ ի՞նչ բարդություն է, որ Ստեփանակերտում չեք կարողանում գրագրություն անեք, իսկ Հայաստանում կարողանում եք։ Եթե վերականգվել եք, գնացեք Ձեր մի տարին ծառայեք։ Մարդկանց էմոցիաների վրա խաղալով, խղճահարություն հայցելով… այդպես չէ։
Որ դեղը հանեց, ո՞նց դոնորություն արեց, և արեց արդյոք, որ իր էջում նշեց՝ «Դոնոր եմ եղել»», – հարց ուղղեց Գևորգ Թամամյանը։