Մաֆիայի ղեկավարը աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցո՞ղ անձ է, թե՞ այդպիսիք կարող են հանդիսանալ միայն «օրենքով գողերը». Վահան Հովհաննիսյան

 

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն ու պատիժ սահմանել՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են  ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածաներով նախատեսված հանցագործության հատկանիշները, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար, և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար;

Առաջարկվող այս փոփոխությունների վերաբերյալ «ditaket»-ը  զրուցել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, նախօրեին կառավարության առաջարկված այս նախագիծը ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագիծն ավելի շատ նպատակ է հետապնդում հասարակության վրա հանցավորության դեմ անզիջում պայքարի տպավորություն գործելու, քան իրականում հետապնդում է այդպիսի նպատակ: Հիշյալ նախագիծը խոցելի է բազմաթիվ առումներով:

-Կթվարկե՞ք Ձեր կողմից հիշատակված խոցելի դրույթները:

– ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է որոշակիության սկզբունքը, համաձայն որի՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Ըստ իս, քննարկվող նախագիծն իրենից իրավական անորոշության հերթական դասական օրինակն է ներկայացնում, քանի որ չի տրվում նախագծում կիրառված այնպիսի եզրույթների մեկնաբանությունը, ինչպիսիք են՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ»-ը, «քրեական ենթամշակույթ»-ը և այլն;

Ընդհանրապես, վերջին շրջանում, քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու բոլոր նախագծերում զգացվում է այնպիսի միտում, երբ քրեական օրենքի կարգավորման ոլորտ են բերվում այնպիսի տերմիններ ու եզրույթներ, որոնք ոչ միայն իրավական չեն, այլև փիլիսոփայության և հոգեբանության բնագավառից են: Հենց վերոգրյալն էլ դժվարացնում, եթե ոչ՝ անհնարին է դարձնում այդ տերմինների կիրառմամբ սահմնաված նորմին իրավական որոշակիություն հաղորդելը:

Որևէ մեկնաբանությամբ չի սահմանվում, թե որն է հանդիսանում  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ինչպես է այն կոչվում, որ երկրի չափանիշներով այն պետք է հանդիսանա որպես այդպիսին: Օրինակ՝ մաֆիայի ղեկավարը, յակուձայի առաջնորդը այդ աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, թե՞ այդպիսիք կարող են հանդիսանալ միայն «օրենքով գողերը»: Ինչպես, ինչ ճշգրիտ չափանիշներով է որոշվում, թե որն է քրեական ենթամշակույթը և որոնք են այն հստակ սահմանները, որոնք տարանջատում են այդ ենթամշակույթը՝ սոցիալական կյանքի այլ հարաբերություններից;

Նման անորոշությունն, ի վերջո, հանգեցնելու է անձանց իրավունքների ու ազատությունների անօրինական ոտնահարման ու սահմանափակման, երբ ընդունվող հոդվածով վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն է ստանալու պատասխանատվության կանչել ու ենթարկել իրեն անցանկալի բոլոր անձանց;

ՀՀ քրեական օրենսգիրքը միշտ եղել է և կա ՌԴ քրեական օրենսգրքի հայելային արտոցլանքը՝ որոշ աննշան բացառություններով, սակայն պետք է հնարավորինս զերզ մնանք ռուսական և հարևան երկրների նորմերի արտատպումից:

-Եթե ի վերջո նախագիծը Ազգային ժողովն ընդունի,  ի՞նչ մտահոգություններ կան:

 Մշտապես քրեական օրենքի ու օրենսդրության կարգավորման օբյեկտ են հանդիսացել այս կամ այն հասարակական հարաբերություններն ու երևույթները, որոնք կարող են արտահայտվել գործողությամբ ու անգործությամբ, մեղքի մի քանի ձևերով:

Ներկա նախագծով քրեական օրենքի կարգավորման օբյեկտը այլախեղվում և՝ դրա օբյեկտ է դառնում ոչ թե հասարակական հարաբերությունը, ոչ թե գործողությունը կամ անգործությունը, այլ՝ անձը: Վերոգրյալը կատարելապես աղճատում է քրեական իրավունքի ողջ էությունն ու բովանդակությունը, դրան հաղորդելով նոր՝ հետընթաց որակ ու նշանակություն:

Նախագծի ընդունմամբ՝ քրեաիրավական վերլուծության ու իրավական գնահատականի է արժանանալու ոչ թե անձի արարքը, այլ՝ հենց անձն ինքնին:

ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝  ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Սահմանդրական սույն նորմն իր կարգավորումն է ստացել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածում:

Այս համատեքստում նախագծի ընդունումը հանգեցնելու է անկանխատեսելի և անխուսափելի հետևյալ իրավիճակին. անձը պատասխանատվություն և պատիժ է կրելու «օրենքով գող» կոչումը պահելու համար: Սակայն պատժից հետո պահպանելով նույն կոչումն, արդեն իսկ, չի կարող և չի ենթարկվելու պատասխանատվության ու պատժի՝ նույն արարքի համար: Հետևաբար նախագծի առջև դրված իրավական նպատակները չեն իրացվելու և նախագիծը՝ օրենսդրի համար ցանկալի արդյունքի չի բերելու:

Բացի այդ, քրեական աստիճանակարգությունն ենթադրում է մի քանի անհրաժեշտ, սակայն, միջանկյալ փուլեր՝ մինչև բարձրագույն կարգավիճակի ձեռք բերումը; Նախագծից պարզ չի դառնում, թե որն է նախարարության կողմից առաջարկվող նորմի տրամաբանությունը, երբ պատասխանատվության է կանչվում միայն բարձրագույն կարգավիճակ կրողը: Նման պայմաններում, միջանկյալ՝ սակայն հեղինակավոր կարգավիճակ կրող անձինք, նախարարության տրամաբանությամբ, ենթակա են արդյոք պատասխանատվության: Այլ կերպ՝ եթե անձը պատասխանատվության չի ենթարկվում այն միջանկյալ կոչումների համար, առանց որոնց չի կարող ձեռք բերել բարձրագույն կարգավիճակը, ապա ինչու և ինչպես կարող է ենթարկվել պատասխանատվության միայն բարձրագույն կարգավիճակի համար:

 -Մինչ նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացնելը, արդյոք այն չպետք է լայն քննարկման առարկա դառնար, որպեսզի դրանում ներառված գործիքակազմը արդյունավետ լիներ բոլոր առումներով:

-Արդարադատության նախարարությունը ներկայացված նախագծով պայքարում է ոչ թե պատճառների, այլ՝ հետևանքի դեմ;

Մինչև նախագծի ընդունումը չեն կատարվել ու չեն կատարվում գիտական լուրջ ուսումնասիրություններ, վերլուծության չեն ենթարկվում, օբյեկտիվ գնահատականի չեն արժանանում այն հասարակական երևույթներն ու գործընթացները, որոնք ծնում են «քրեական ենթամշակույթն» իր ողջ ներկապնակով;

Որևէ ուսումնասիրություն չի կատարվում,  թե որն է այն իրավական-սոցիալական պատճան ու պայմանը, որը մղում է անձին՝ իր խախտված իրավունքի վերականգնման համար դիմել ոչ թե իրավապահ կառույցին, այլ քրեական ենթամշակույթ կրող անձին:

Հաշվի չի առնվում այն իրավիճակը, երբ այդ երևույթի դեմ պայքարի միջոց պետք է հանդիսանա ոչ թե անձի ու արարքի քրեականացումը, այլ այնպիսի համակարգային միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են՝  օբյեկտիվ ու անաչառ գործունեության արդյունքում իրավապահ համակարգի դերի ու նշանակության բարձրացումը, հեռուստաեթերով հեռարձակվող սերիալների ու այլ հաղորդումների միջոցով քրեական ենթամշակույթի քարոզի դադարեցումը և այլն; Այս՝ և համանման այլ գործողությունների արդյունքում, ինքնստինքյան վերանալու է նախագծի անհրաժեշտությունը:

Ի վերջո պետք է հաշվի առնել այն պատմական և իրավական սկզբունքը, որ պատժի խստացմամբ հանցավորությունը չի նվազում, այլ հանցավորության դեմ պայքարը պետության կողմից ձեռնարկվող սոցիալական, իրավական, հոգեբանական, քաղաքակրթական միջոցառումների մի համալիր է, ինչը՝ տվյալ դեպքում առկա չէ: