ՊԵԿ–ը Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթեր է տրամադրել նախաքննական մարմնին. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետ կապված փաստաթղթեր է տրամադրել Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք են բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝  ՊԵԿ-ից։ Եվ այդ փաստաթղթերի, վկաների ու տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման և մեղադրանք է առաջադրել։ Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը ու մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո աջակցել ենք»,- ասաց Անանյանը։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն ՊԵԿ-ի աշխատակիցների վերաբերյալ 2010, 2014, 2016 թվականների տվյալներ է պահանջել, Անանյանը պատասխանեց, որ չի կարող ասել. «Դա նախաքննության գաղտնիության սկզբունք է»։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նրանց ավելի ուշ մեղադրանք է առաջադրվել: