Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Փաշինյան Aysor.am



  12:33

ԿԲ տեղեկանքի համաձայն՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկային տոկոսադրույքները երեք տոկոսով իջել են: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8,1 տոկոսով: Իմ եզրակացությունն այն է, որ իսկապես, երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, և եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլինեին», – ընդգծեց գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ անցկացումը:

«Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ և այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը», – նկատեց վարչապետը: