Դատավորների թեկնածուների տարիքային շեմը իջեցնելը ի՞նչ նպատակ է հետապնդում.Ալեքսանդր Ազարյան

Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի: Արդյո՞ք դա խոչընդոտ չի հանդիսանա և արդյո՞ք սա է միակ ելքը դատավորների թափուր հաստիքները համալրելու առումով: Այս և այլ հարցերի շուրջ   «ditaket»-ը  զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:

-Պարոն Ազարյան, Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից  25 -ի իջեցնելու վերաբերյալ, ի՞նչ կասեք այս մասին,  մեծ պատասխանատվություն չէ արդյո՞ք այդ տարիքում, ի վերջո դատական ակտերը կայացվում են  Հայատանի Հանրապետության անունից:

-Միանշանակ ասել կդժվարանամ, սակայն ես կողմ եմ,  ճանաչված դատավորներ ունենք ովքեր այդ տարիքում են նշանակվել և որպես դատավոր շատ լավ են իրենց դրսևորել, բայց նաև հազվադեպ է հնարավոր  այդ տարիքում առանց կյանքի իրական փորձի լավ դատավոր լինել: Տարիքային այդ շեմը խոչընդոտ չէ, բայց ոչ բոլորի համար: Փաստ է, որ կան անհատներ,  որոնց համար տարիքը խոչընդոտ չի եղել:

Այդ տարիքային շեմը պայմանական միավոր է,  կան դեպքեր, երբ 35 տարեկանը չունի դատավորին բնորոշ հատկանիշներ, որը կարող է ունենալ 25 տարեկանը:

Իմ կարծիքով այս նախագիծն այլ նպատակ է հետապնում՝ վեթթինգի արդյունքում ազատվել  իրենց համար ոչ ցանկալի դատավորներից և երիտասարդներով լրացնել թափուր հաստիքները:

-Պարոն Ազարյան, անդրադառնալով դատավորների ծանրաբեռնվածությանը, այժմ ևս կա՞ նման խնդիր և եթե այո, ապա արդյոք դա չէ գործերի երկարատև քննման պատճառը:

-Դատավորները ոչ թե ծանրաբեռնված են այլ գերծանրաբեռնված,  աշխատում են աշխատանքային ժամից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին: Նախկինում չէր լինում իրավիճակ, երբ մի գործը կարող էր  քննվել տարիներով, իսկ այսօր նման գործեր բազմաթիվ են: Գերծանրաբեռնվածության պատճառով դատավորները չեն հասցնում սահմանված ժամկետներում դատական ակտերը պատրաստել և ուղարկել կողմերին:

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում  ստացված բողոքների գրեթե 90 տոկոսը բացի բուն բողոքներից՝ խնդրանք է պարունակում նաև բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ: Պատճառն այն է, որ կողմերը ուշ են ստանում դատական ակտերը: Իսկ ծանրաբեռնվածությունն առկա է ոչ միայն Վերաքննիչ դատարանում,  այլև առաջին ատյանի դատարանում:

– Այդ դեպքում որն է ելքը ստեղծված իրավիճակից:

-Դատավորների քանակը պետք է ավելացվի, ինչն էլ հնարավորություն կտա ծանրաբեռնվածության նվազման, կնվազի նաև դատավորների աշխատակազմերի ծանրաբեռնվածությունը;

-Իսկ ծանրաբեռնվածությունը կարող է ազդել գործերի քննման որակի վրա:

-Չի կարող չազդել:

-Դատավորի վարույթում որքան գործ պետք է լինի տարվա ընթացքում, որպեսզի քննվի ողջամիտ ժամկետներում:

-Որպես էդպիսին քանակ չեմ կարող նշել, դա պայմանավորված է գործի բարդությամբ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությանում առկա է  դատավորի 13 թափուր հաստիք: Միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր ընդհանուր իրավասության դատարանում թափուր է երեք հաստիք, երկու  քրեական և մեկ քաղաքացիական գործեր քննող դատավորների:

Մյուս տասը հաստիքները բաժանվում են մարզերի վրա՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի երեք հաստիք է թափուր՝ երկուսը քաղաքացիական, մեկը՝ քրեական, Արագածոտնի մարզում առկա է երկու թափուր հաստիք՝ մեկական քաղաքացիական և քրեական,  Լոռու մարզում ևս մեկական քաղաքացիական և քրեական,  Շիրակի մարզում երկու քաղաքացիական, իսկ Սյունիքի մարզում՝  մեկ հաստիք է թափուր՝  քրեական գործեր քննող դատավորի: